Որքան էլ աշխարհն այս օրերին ապրում է ֆուտբոլային երկու խոշոր իրադարձության՝ այսօրվանից մեկնարկող Եվրոպայի առաջնության կանխա ու Ամերիկայի գավաթի խաղարկության (ավարտին են մոտենում խմբային հանդիպումները) վայելումով, այդուհանդերձ հարցերի մի ողջ շարան կա, որ չի կարող ուշադրությունից դուրս մնալ: Առանցքայինները ֆուտբոլիստների, մարզիչների տեղափոխություններն են: Արդեն իսկ կայացածներին կամ ուրվագծվածներին մենք անդրադարձել ենք ու դեռ կանդրադառնանք. այնպես չէ, որ ձեռքներս ծալած նստած ենք: ՈՒ որպես խոսքի թագավորում, ասելիքի առումով օրվա քավորությունը տանք «Սևիլիան» գլխավորող, իսկ ավելի հստակ՝ «Սևիլիան» առայժմ գլխավորող ՈՒնայ Էմերիին:
Այս տարվա մայիսի 18-ը դժվար թե ֆուտբոլասերի գլխից թռած լինի: Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության տարեգրությունում այդ օրով նոր պատմության հիմք դրվեց. անչափ լարված ու դիտարժան պայքարում առավելության հասնելով անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ՝ ՈՒնայ Էմերիի գլխավորած «Սևիլիան» երրորդ անգամ անընդմեջ դարձավ գավաթակիր: Նման հաջողությամբ չի կարող պարծենալ աշխարհում և ոչ մի թիմ, բնականաբար, նաև ոչ մի մարզիչ: Եվ սա՝ թիմում աշխատելու երեք տարում: Դառնում է ճիշտ և ճիշտ Հուլիոս Կեսարի արածի ու ասածի պես՝ եկա, տեսա, հաղթեցի:
Որքան էլ արդյունքը տպավորիչ է, այդուհանդերձ փայլուն մարզիչների կոհորտայի մաս կազմելու համար Էմերին դեռ ճանապարհ ունի անցնելու, իսկ դրա կարևոր պայմաններից մեկը գրանդ ակումբ ղեկավարելն է: ՈՒ քանի որ վրա է հասել երիտասարդ մասնագետի աստեղային ժամը, բնականաբար պիտի առավելագույն արդյունավետությամբ փորձի օգտագործել ընձեռված հնարավորությունը:
Իսկ ի՞նչ թիմեր են հայտնվել նրա ճանապարհին:
Գրանդ ակումբներից հիշատակվում են Մադրիդի «Ռեալը», վերջին ժամանակներս այդպիսի հավակնություններ դրսևորող ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», դարձյալ վերջին ժամանակներս ճգնաժամի մեջ հայտնված իտալական «Միլանը», իսկ ավելի փոքր տրամաչափի ակումբներից (իհարկե, հիշատակված երեքի համեմատությամբ) նշվում են անգլիական «Սաուտհեմպտոնն» ու «Էվերտոնը»:
Ինչ խոսք, հերթով կարելի է անցնել սրանցից յուրաքանչյուրի վրայով՝ մանրամասների մեջ ներկայացնելով անցած մրցաշրջանում նրանց ունեցած հաջողություններն ու անհաջողությունները, սակայն խնդրի անհրաժեշտությունը չենք տեսնում, որովհետև դրանցից միայն մեկն է ընտրելու Էմերին կամ, որ պակաս ճիշտ չի լինի, դրանցից միայն մեկն է ընտրելու Էմերիին, ուստի նյութը լրացուցիչ ինֆորմացիայով ծանրաբեռնելու իմաստը չենք տեսնում:
Այս հնգյակից խոսակցությունը, կարծես, ավելի շատ նյութականանում է «Պարի Սեն Ժերմենի» առումով, մանավանդ որ, ըստ սպրդած լուրերի, անդալուզական ակումբի ղեկավարությանը Էմերին ակնարկել է այս վերջինի հետ վարվող բանակցությունների մասին:
Իհարկե կարող եք հարց տալ՝ բա թիմը երկրի քառակի չեմպիոնության հասցրած Լորան Բլա՞նը:
Հարցը հնչեցնելու մեջ ճիշտ եք, հարցի հասցեականության մեջ եք որոշակիորեն սխալ, որովհետև ստույգ պատասխանը կարող է տալ միայն ու միայն թիմի սեփականատերը՝ Նասեր Հանիմ ալ Խելայֆիին, իսկ ես նույնիսկ իմ բնակարանի կտրվածքով լիարժեք սեփականատեր չեմ՝ էլ ուր մնաց կատարցի բիզնեսմեն: Տվյալ պարագայում միակ բանը, որ կարող եմ ստույգ ասել, այն է, որ ՊՍԺ-ի սեփականատերը ահռելի ներդրումներ է արել ոչ միայն նրա համար, որ թիմը ներքին առաջնություններում ու այդ ներքինին առնչվող հարակից խաղարկություններում առանձնանա: Մեծ փողերը մեծ թռիչքների ախորժակ ունեն, իսկ վերջին երկու տարում ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից այն կողմ չի անցնում: Ինչ՝ ինչ, ակումբը դա պիտի աներ գոնե այս տարի՝ փուլի հանդիպման ակնհայտ ֆավորիտի իր կարգավիճակով:
Չկարողացավ:
Կկարողանա՞ անել ՈՒնայ Էմերիի հետ:
Որքան էլ իսպանացի երիտասարդ մասնագետը գավաթային խաղերի մարզչի համբավ ունի, միանշանակ պատասխանելը դժվար է:
Բոլոր դեպքերում, պիտի սպասենք: Ինչ վերաբերում է «Սևիլիային», Էմերիի հեռանալու դեպքում այն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Չիլիի ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին: Ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչին արդեն իսկ հանդիպել է արգենտինացու հետ, ում թեկնածությունը գլխավոր մարզչի պոստում դիտարկում է նաև իսպանական «Գրանադան»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ